Վարդապետական Թեզերի պաշտպանություն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:
Հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը` իբրեւ նախագահ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, քննելով ներկայացված թեզերը, արտոնել էր բանավոր պաշտպանության:
Թեզեր էին ներկայացրել Մայր Աթոռի երեք միաբաններ` հունգարահայոց հոգեւոր հովիվ Տ. Բարսեղ աբեղա Փիլավչյանը («Հոգեւոր մշակութային կյանքը հունգարահայ գաղութում»), Տ. Դանիել աբեղա Թումանյանը (թեման`«Ծննդոց գրքի 3-րդ գլխի 1-7 համարները ժամանակակից մի շարք մեկնություններում եւ հայ պարականոն գրականության մեջ») եւ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Վազգեն աբեղա Նանյանը («Տյառնընդառաջի տոնը (ներմուծումը հայոց տոնացույցի մեջ եւ ծիսական կառուցվածքը)»):
Երեք աբեղաները, սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, վարդապետական տվչության արարողության ժամանակ, արժանացան մասնավոր վարդապետության չորս աստիճանների ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: